«Բարսելոնի» պատմության մեջ Լուիս Էնրիկեն արդեն անցյալ է: Այնպես չէ, որ թիմից նրա հեռանալը եղավ այս մի քանի օրվա ընթացքում (իր այդ քայլի մասին նա հայտարարել էր դեռևս ընթացիկ տարվա փետրվարին, իսկ ամեն ինչ պաշտոնապես հավաստվեց մայիսի վերջին), ու այնքան էլ այնպես չէ, թե կատալոնյան ակումբի պատմության մեջ Էնրիկեն եղավ շարքային, ընդամենը անցողիկ դեմք:
Երեք տարվա ընթացքում թիմին ինը տիտղոսի տեր դարձրած մարզչին այդպես որակելու համար նախ լեզուդ բերանումդ չորանալու վախ պիտի չունենաս մեջդ, էլ չեմ խոսում բարոյականություն ասվածի մասին, որը մեր այս խառնաշփոթ օրերում, որքան էլ արժեզրկված հասկացություն է դառնում, այդուհանդերձ, հանրության որոշ մասի համար դեռևս մահացած կատեգորիա չէ:
Իհարկե, կլինեն մարդիկ, որ կասեն՝ այդ իննի մեջ Չեմպիոնների լիգայում հաղթածի տիտղոսը չկա, ինչի՞ մասին է խոսքը, ու, պատկերացրեք, իրավացի կլինեն:
Սակայն՝ մասամբ:
Ստիպված ենք հիշողության խնդիր ունեցողներին հիշեցնել Իսպանիայում ամրագրված, գրեթե օրենքի ուժ ստացած այն միտքը, որը հավաստում է հետևյալ պարզ ճշմարտությունը՝ եթե դու շահել ես եվրոպականի ամենահեղինակավորը, բայց չես հաղթել էլ կլասիկոյում, դու ամեն ինչ չես:
Այսքանից հետո կարելի էր ակումբին Էնրիկեի ծառայությունների մասով թեման համարել փակված, սակայն դարձյալ այդ առանձնակի մոռացկոտներին հիշեցնենք Չեմպիոնների լիգայի դեռևս ընթացքի մեջ գտնվող մրցաշրջանի մեկ ութերորդում նրա գլխավորությամբ «Բարսելոնի» արածը՝ 0:4-ով պարտությանը 6:1 հաշվով պատասխանելը, որը պատմությունների պատմություն դարձավ՝ ցնցելով ողջ ֆուտբոլային աշխարհը:
«ՄՐՋՅՈՒՆ+ԳԵՐԱԿՈՒՄԲ» ՄԻՈՒԹՅՈՒՆԸ
Հա, ուրեմն փետրվարից օրակարգում էր, թե ում ձեռքը կանցնի կատալոնյան ակումբի ղեկը: Ի սկզբանե հոլովվում էր մի քանի թեկնածուի անուն, սակայն ընտրությունը կայացվեց հօգուտ Էռնեստո Վալվերդեի:
Ո՞վ է այս մարդը:
Ասենք, որ Վալվերդեն նոր անունն չէ կատալոնյան ակումբի պատմության մեջ:
Դեռևս ֆուտբոլիստի որակում նա «Բարսելոնի» կազմում 1980-90-ականների հատույթում դարձել է Գավաթակիրների գավաթի ու Եվրոպայի սուպերգավաթի տիրակալ: Իհարկե, այդ նույն ֆուտբոլիստի որակում սրանք նրա ունեցած միակ նվաճումներն են, բայց, կներեք, երկու մրցաշրջանի ընթացքում սրանից ավելին էլ ո՞րն է լինում:
Կարող ենք հիշատակել նաև «Էսպանյոլի» կազմում ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչի մասնակից լինելը, որ նույնպես պատվաբեր է, սակայն տիտղոս չէ: Ի դեպ, նույն «Էսպանյոլի» հետ, սակայն արդեն մարզչի որակում, նա այս նվաճումը կրկնել է և ավելի ուշ՝ 2007-ին:
Թիմի ղեկակալի որակում տիտղոսները եկան Հունաստանում, երբ «Օլիմպիակոսին» երեք անգամ դարձրեց երկրի չեմպիոն՝ երկու անգամ էլ տեր դարձնելով Հունաստանի գավաթին: 2012-ի դեկտեմբերին ստանձնելով այն ժամանակ կադրային խոր ճգնաժամում գտնվող «Վալենսիայի» ղեկավարումը՝ Վալվերդեն թիմը հանեց հինգերորդ հորիզոնական՝ Չեմպիոնների լիգայի մասնակցության հեռանկարով:
2013-ի հունիսից մինչև այս վերջին նշանակումը Վալվերդեն գլխավորել է Բիլբաոյի «Աթլետիկը», որտեղ նախկինում, կատալոնյան ակումբի օրինակով, նույնպես հանդես է եկել ֆուտբոլիստի որակում (միջանկյալ նկատենք, որ երկու տարի եղել է նաև Իսպանիայի ընտրանու անդամ): «Աթլետիկում» նա հանդես բերեց մարզչի հատկություններ, ով ունի (ուներ) տակտիկական հրաշալի պատրաստվածություն, չի (չէր) երկնչում աստղային ֆուտբոլիստներից ու չի (չէր) վախենում երիտասարդներին վստահելուց: Իր այս որակների կողքին նա միաժամանակ հրաշալի հոգեբան էր ու է, խաղացողներին մոտիվացնելու ունակ անհատ:
Վալվերդեն երեք անգամ է դիտարկվել «Բարսելոնի» գլխավոր մարզչի թեկնածու, սակայն, ինչպես երևում է, նրա աստեղային ժամը կամ տարին 2017-ն էր: Հրավիրելով նրան՝ ակումբի ղեկավարությունը հույս ունի ձերբազատվելու քաոսայնության այն տարրերից, որ նկատվում են կատալոնցիների վերջին տարիների խաղաոճում, ակնկալում է հետ բերել թիմի խաղային կայունությունն ու ֆուտբոլիստների հոգեկան հավասարակշռությունը:
«ԲԱՐՍԵԼՈՆԸ», ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ Է
Այնպես որ, խնդիրը Վալվերդեի մասնագիտական որակների, ունեցած գաղափարների, թարմ մոտեցումների ներդրումը չէ սոսկ:
Ի դեմս նրա, ակումբի ղեկավարությունը տեսել է մեկին, որը կարող է լինել կատալոնյան ակումբի ֆուտբոլային փիլիսոփայության կրողը:
Կարդարացնի՞ նա իրենից պահանջվող սպասումները, ստույգ պատասխանը կարող է տալ ժամանակը: Սակայն այդ ժամանակը չի կարող անվերջորեն ձգվել, և հետո «Բարսելոնն» էլ այն թիմը չէ, որ իրեն տևականորեն վերակառուցվելու շռայլություն թույլ տա: Ներքին առաջնությունում ու համաեվրոպականում կա Մադրիդի «Ռեալ» և, ինչու չէ, Մադրիդի «Աթլետիկո», այդ նույն համաեվրոպականում կան «Բավարիա», «Յուվենտուս», անցյալի փառքը վերականգնելուն միտված ու նոր հասակ առնող մոտ մեկ տասնյակի հասնող թիմեր: «Բարսելոնը» չի կարող նրանց թույլ տալ իր հաշվին կամ առանց իրեն հաղթահանդեսներ տոնել: Դա նրա դավանած ֆուտբոլային փիլիսոփայությանն անհարիր է: Հետևաբար, Վալվերդեն պիտի գործնականում ապացուցի, որ պատահաբար չի կրում «Մրջյուն» մականունը, որը ժամանակին նրան տրվել է ոչ միայն կարճահասակության, այլև ահռելի աշխատասիրության համար: Այնպես որ, կատալոնյան ակումբի ղեկավարությունը ներքին խոր համոզվածությամբ է կողմ արտահայտվել «Մրջյուն+գերակումբ» միությանը ու սպասում է արդյունքի:
Սպասում ենք և մենք՝ «Բարսելոնի» միլիարդի հասնող, իսկ գուցե և այդ թիվն արդեն անցած երկրպագուներս:
ՈՒստի՝ առաջ, «Բարսելոն»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ